Ի՞նչ կարելի է տեսնել ճանապարհին

Բիբլիական Արարատ լեռան անմոռանալի տեսարան

 

Խոր Վիրապ վանք

 

Խոր Վիրապը Հայ Առաքելական Եկեղեցու վանքերից է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ՝ Արարատ լեռան ստորոտին: Այստեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։

Վանքը գտնվում է ստորգետնյա վիրապի վրա, որտեղ հայոց թագավոր Տրդատ III-ը շուրջ 13 տարի բանտարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Մուտքը դեպի ստորգետնյա վիրապ գտնվում է Սուրբ Գրիգոր մատուռում, որը կառուցվել է 1661 թվականին: Ստորգետնյա վիրապի խորությունը 3-ից 6 մետր է:

 

Արենի գյուղ

 

Արենի գյուղն ու հարակից տարածքները հարուստ են բազմաթիվ հուշարձաններով՝ քարանձավներ, ամրոցներ, միջնադարյան բնակավայրերի ավերակներ, խաչքարեր, գերեզմանատուն, մատուռ-սրբավայրեր և այլն: Արենի գյուղի մոտակայքում հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինու արտադրամասը: Ամեն տարի այստեղ «աստվածների խմիչքի» իրական գնահատողների համար կազմակերպվում է գինու տոն:

 

Նորավանք

 

Նորավանք վանական համալիրը կառուցվել է XIII դարում Արփա գետի նեղ ոլորուն կիրճի պռնկին: Կիրճը հայտնի է կարմիր ժայռերով, որոնք բարձրանում են վանքի շուրջ: Վանքի տարածքում է գտնվում երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին նեղ՝ պատի մեջ ագուցված, պահունակային աստիճաններով:

 

Զորաց քարեր

 

(Քարահունջ, կառուցվել է շուրջ 7500 տարի առաջ)՝ հնագույն մեգալիթյան համալիր, որը բաղկացած է մեծաքանակ կանգուն քարերից, որոնց մի մասը վերին հատվածում շրջանաձև անցքեր ունի:

Համալիրը գտնվում էր բրոնզե դարի բնակավայրի հարևանությամբ և ենթադրաբար հանդիսանում էր հնագույն աստղադիտարան: Տասնյոթ քարեր արևադարձի և գիշերահավասարի օրերին կապված են եղել արևածագի և արևամուտի, ինչպես նաև լուսնի 14 փուլերի դիտարկումների հետ: